Կարգին Հայկոն իր` նախարար դառնալու մասին. «Ինձ մի տանջեք»

loading...
 

Aravot.am դերասան, հումորիստ Հայկ Մարությանից` Կարգին Հայկոյից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում իր`մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ լուրերին, հաշվի առնելով այն փաստը, որը հեղափոխության օրերին եւ դրանից հետո միշտ Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել:

Նա ասաց, որ ի թիվս այլ հարցերի, նաեւ այդ թեմայով խոսել է «Հայկական ժամանակի» թղթակցի հետ, հետեւաբար չի ուզում այդ թեմայով նորից խոսել, ուստի առաջարկեց տպագրվելուց հետո կարդալ իր հարցազրույցը: Նրան խնդրեցինք, որ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանի մեր հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մի տանջեք ինձ…Գիտեմ, որ այսօր զանգելու է էլի մի 30-35 լրատվամիջոց, դրա համար առաջինը այդ թերթին եմ տվել հարցազրույց, որ ինձ չզանգեն…Թե չէ իմ ընկերներն էլ են զանգելու, թե Հայկ ջան, հիմա այո, թե՞ ոչ, դրա համար էլ չեմ խոսի»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել. «Մշակույթի նախարար պիտի լինի Հայկ Մարությանը: 1.Դաշտին ծանոթ է, 2. Խելոք է, գրագետ ու ֆայմով, 3. Ազնիվ է ու կեղտոտ գործերով չի զբաղվել, 4.Երիտասարդ է, աշխատասեր ու եռանդով»,-ինչը ոմանց կողմից ընդունվել է ոգեւորությամբ, իսկ շատերը տարակուսանքով կոչ են արել էյֆորիայից ձերբազատվել ու սթափ դատել, նաեւ մշակույթը չխառնել շոու-բիզնեսի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

loading...