Բացասական կերպար կերտելն ավելի հետաքրքիր է. Էլեն Ասատրյան

loading...
 

Ընդամենը օրեր անց կմեկնարկի «Երեւի» հեռուստասերիալը, որի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այս նախագծում հանդես կգա նաեւ դերասանուհին Էլեն Ասատրյանը, ով Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

«Այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Էդգար Ավագյանի կողմից եւ անմիջապես համաձայնել եմ, որովհետեւ ընկերներիցս մի քանիսը, ովքեր հայկական կինոինդուստրիային մոտ են, ասացին, որ որտեղ Էդգար Ավագյանն իր լուման է ունենում, տվյալ նախագծերը բարձր վարկանիշ են ունենում, հետո արդեն վերանայելով նրա նախորդ աշխատանքները՝ «Երանի», «Բախտաբեր», հասկացա, որ այս նախագիծը եւս ռեյտինգային կլինի: Համաձայնությունս տալու համար նաեւ կարեւոր էր դերասանական կազմը: Մեծ նշանակություն ունեցավ այն փաստը, որ նկարահանվելու էր իմ շատ լավ ընկեր Սարգիս Ավտիսյանը. Նրան շատ եմ սիրում եւ ուրախ եմ, որ միասին ենք աշխատում»,-պատմեց Էլենը:

Ի դեպ` դերասանուհին նշեց, որ առաջարկը ընդունելու հարցում կարեւոր նշանակություն է ունեցել այն, որ բացասական կերպարով է հանդես գալու.

«Պետք է ընդգծեմ, որ նախապես կարեւորել էի բացասական կերպարով հանդես գալը, որովհետեւ, առհասարակ, բացասական կերպարում անելիքներն ավելի շատ են, խաղալու հնարավորություններն էլ բազմաթիվ են: Բացասական դերը ձգվող հատկություն ունի, զգացողությունները բազմազան են` պոռթկումներ, տարատեսակ էմոցիաներ: Ինձ համար բացասական կերպար կերտելն ավելի հետաքրքիր է, քան՝ անընդհատ միապաղաղ բարի լինելը, որը կարող եմ լինել նաեւ կյանքում: Այստեղ իմ կերպարը գլխավոր չէ, բայց նա ամենուր է: Կան մարդիկ, որ դուռը փակում ես, պատուհանից է ներս մտնում: Ես այդ տեսակ աղջկա կերպար եմ խաղալու, ում անունը Սոֆիա է:  Նրա հոգում չարություն չկա, բայց նա ապրում է սխալ, ու ինքը համարում է, որ դրանում մեղավոր չէ, քանի որ գեղեցիկ լինելով՝ գտնում է, որ տղամարդիկ իր մեջ տեսնում են միայն իր գեղեցկությունը եւ ոչ թե հոգին: Նա ինչ-որ փնտրտուքների մեջ է եւ դեռ չի հասկացել՝ կյանքում իրեն ինչ է պետք»,- նշեց նա` շարունակելով.

«Ես ոչ արդարացնում եմ հերոսուհուս, ոչ ծափահարում նրան, ոչ էլ քննադատելու իրավունք ունեմ, բայց պետք է փաստել, որ մեր իրականության մեջ կան նման մարդիկ, եւ կարելի է մարդկանց ցույց տալ, թե որն է ճիշտ ճանապարհը: Ցանկացած բացասական կերպար կերտելիս, անգամ, եթե կերտվում է հրեշի կերպար, պետք է ամեն բան անել, որ արդարացվի նրա տեսակը: Չգիտեմ, թե հեռուստադիտողն ինչպես կարձագանքի, բայց ես արդեն սիրում եմ իմ մարմնավորած կերպարը ու դա ոչ թե նրա համար, որ նրա տեսակն ինձ մոտ է, այլ, պարզապես, սիրում եմ իմ կերտած ցանկացած հերոսուհու: Սոֆիան մշտապես իրադարձությունների էպիկենտրոնում է, եթե կա, օրինակ, երկու ընտանիք, որ միմյանց չեն ճանաչում, Սոֆիան նրանց կապող օղակն է, նա ամեն տեղ բոլորին կապում է իրար»:

Ի դեպ` Էլենը վերջերս է վերադարձել հանգստից, նրա խոսքով ծովափնյա հանգիստը լիովին թարմացրել է իրեն:

«Հանգիստս հիանալի էր, իհարկե, 7 օրը չբավարարեց, որ լիարժեք վայելեմ ծովը, արեւը, բայց լավ էր, թարմացած վերադարձել եմ: Արդյունավետ հանգիստ էր ու կարծում եմ, որ որքան էլ աշխատում ենք, ապահովում մեր ներկան, պետք չէ մոռանալ սեփական անձի, հանգստի մասին, որն ուղղակի անհրաժեշտություն է»,- պատմեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

loading...