«Ոսկե դպրոցից» Իլոնան դարձավ 22 տարեկան․ ինչպես է անցել աղջկա ծնունդը

loading...
 

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» սիթքոմից, երեկ նշել է 22-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց ծննդյան խնջույքի, ստացած անակնկալի ու նվերների մասին:

 

Իլոնան նշեց, որ հաղթանակի օրը ծնվելն իր համար կրկնակի տոն է. «Հատկապես այս տարի եռակի եմ նշել ծնունդս: Ծննդյանս օրը շատ եմ սիրում: Այն իմ կյանքի ամենահաջողակ օրն եմ համարում` ես լույս աշխարհ եմ եկել և, բնականաբար, չեմ կարող օրս տոն չդարձնել: Միշտ շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ կյանք են նվիրել: Դա ամենաթանկ նվերն է»:

 

Դերասանուհին պատմեց, որ առաջինն իրեն շնորհավորել են ընտանիքի անդամները, իսկ կեսգիշերն անց անակնկալ են մատուցել ընկերները. «Ընկերներս մեր շենքի բակ էին եկել և ինձ շնորհավորեցին ինչպես հարկն է՝ տորթով ու շամպայնով:

 
 

Իսկապես շատ հաճելի անակնկալ էր»:

 

 

 

Իլոնան ասաց, որ ծննդյան օրը նկարահանման հրապարակում չի եղել և ողջ օրն իրեն է նվիրել: Դերասանուհին տարեդարձը նշել է երևանյան ակումբներից մեկում հարազատների ու ընկերների շրջապատում: Նրա հյուրերի թվում են եղել դերասան Վաչե Թովմասյանը, մոդել դերասանուհի Աննա Գրիգորյանը և «Ոսկե դպրոցի» ստեղծագործական թիմի մյուս անդամները:

 

«Երեկ ինձ հետ էին իմ բոլոր ընկերները, բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են իմ կյանքի տարբեր ժամանակներում և դրվագներում: Շատ ուրախ ու հետաքրքիր օր անցկացրինք, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,-ասաց նա:

 

Իլոնան ստացած նվերներից որևէ մեկը չառանձնացրեց: Նրա խոսքով` դեռ չի էլ հասցրել տեսնել բոլոր նվերները. «Համոզված եմ, որ բոլորն էլ կհավանեմ, քանի որ նվիրել են ինձ հարազատ մարդիկ: Ես ծաղիկներ շատ եմ սիրում և երեկ բավականին շատ եմ ստացել ինձ սիրող մարդկանց կողմից»:

 

 

Իլոնան խնջույքին ներկայացել է ոսկեգույն զգեստով: Դերասանուհին ծննդյան խնջույքի համար հատուկ գույներ կամ թեմատիկա չի ընտրել, տոնական տորթն էլ եղել է հասարակ, բայց շատ համեղ, ինչպես փաստեց հոբելյարը:

 

Նա նշեց, որ ամեն տարիքում յուրովի է նախընտրում նշել ծննդյան տոնը։ Երիտասարդ դերասանուհին արդեն ծրագրել է, թե ինչպես է նշելու հաջորդ տարեդարձը. «Ես եկել եմ այն գիտակցմանը, որ 20-30 տարեկան ընկած ժամանակահատվածը իմ կյանքի ամենածաղկուն ու գունավոր շրջանն եմ դարձնելու: Կարծում եմ՝ 23 տարեկանում բոլորովին այլ կերպ կնշեմ: Ծրագրել եմ երկրից դուրս անցկացնել տարեդարձս, ընդ որում` բոլոր ընկերներիս հետ»,-եզրափակեց Իլոնան:

 

 

 

loading...