Ինչով է կարևոր առաջիկա խաղը Մխիթարյանի համար

loading...
 

1in.am / Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո «Արսենալի» երկրպագուների մոտ խորը ապատիա է: Իրենց սիրելի թիմը ձախողվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ «Արսենալը» 57 միավորով միայն 6-րդ տեղում է և 9 միավորով զիջում է լավագույն հնգյակը եզրափակող «Չելսիին»: Նշենք, որ 7-րդ հորիզոնականում գտնվող «Բարնլին» այս պահին ունի 54 միավոր ինչը նշանակում է, որ «Արսենալը» կարող է զրկվել 6-րդ հորիզոնականից և գալիք մրցաշրջանում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին մասնակցելու ուղեգրից:

Անգլիայի Պրեմիեր լիգայում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն իրավունք են ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին, իսկ 5-6-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները՝ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին: 7-րդ հորիզոնականը զբաղեցնելու պարագայում «Արսենալը» ստիպված կլինի խաղալ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում: Ի դեպ, վաղը «Արսենալը» սեփական հարկի տակ մրցելու է հենց «Բարնլիի» հետ: Վերջին երկու տուրերում էլ լոնդոնյան ակումբը հյուրընկալվելու է «Լեսթերին» և «Հադերսֆիլիդն»: Հիշեցնենք, որ «Արսենալը» այս մրցաշրջանում ձախողվել էր նաև Անգլիայի լիգայի գավաթի ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկություններում: Լիգայի գավաթի եզրափակչում «Արսենալը» 3:0 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»: Ու հիմա «Արսենալի» ֆուտբոլիստների և ակումբից հեռացող գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար միակ մոտիվացիան վերջին երեք խաղերում արժանի արդյունք գրանցելն է:

Արսեն Վենգերի, որը «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից բնականաբար չի ցանկանա հեռանալ անփառունակ վերջաբանով: Պրեմիեր լիգայում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելը «Արսենալի» պես ակումբի համար կարծում ենք ամոթալի արդյունք կլինի: Առաջիկա հանդիպումները «Արսենալի» ֆուտբոլիստների համար պետք է լինեն նոր մարզչի վրա տպավորություն ստեղծելու հնարավորություն: Որոշ տեղեկությունների համաձայն հավանական է, որ «Արսենալը» գլխավորի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Տոմաս Տուխելը: Խոսվում է նաև, որ լոնդոնյան թիմի և գերմանացի մասնագետի միջև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել 2017 թվականի վերջին և հենց Տուխելի հորդորով Մխիթարյանն ու Օբամեյանգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեցին «Արսենալը»:

Տուխելի «Արսենալը» գլխավորելու դեպքում Մխիթարյանն ու Օբամեյանգը կդառնան թիմի հիմնական առանցքը, որոնց շուրջ գերմանացի մարզիչը կփորձի կառուցել խաղը: Հիշենք, որ Տուխելի գլխավորությամբ Մխիթարյան-Օբամեյանգ զույգը փայլում էր Բունդեսլիգայում: Բրիտանական մամուլում զետեղված տեղեկությունների համաձայն «Արսենալի» ղեկավարությունը նոր մարզչին ընդամենը 50 միլիոն եվրո կհատկացնի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Ինչևէ, առաջիկա երեք հանդիպումներում Մխիթարյան-Օբամեյան զույգը ինչպես նաև մյուս ֆուտբոլիստները պետք է փորձեն ապացուցել, որ հանդիսանում «Արսենալի» կարևոր մասնիկը: Ըստ փորձագետների՝ «Արսենալը» վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝Չեմբերսն ու Մուստաֆին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ուիլշերն ու Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Ուելբեքը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» հետ խաղում Մխիթարյանը տեղ չէր գտել «Արսենալի» մեկնարկային կազմում ինչի հետևանքով էլ Արսեն Վենգերը խիստ քննադատության էր ենթարկվել:

Ֆրանսիացի մասնագետը Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելը բացատրել էր տատիկական նկատառումներով: Վենգերը նշել էր, որ փորձել է մեկնարկային կազմում կենտրոնացնել հարձակվողական ողջ ներուժը: Դուրս գալով փոխարինման Մխիթարյանը զգալիորեն ակտիվացրել էր «Արսենալի» խաղը և ուներ դարպասը գրավելու հնարավորություն: Բուքմեյքերական ընկերաթյուններն առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին» վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1․55 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 5․2, իսկ հյուրերի հաղթանակը՝ 5․5 գործակցով:

 

«Բարնլի»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:30-ին:

loading...